Գեղամ Գրիգորյանի վերջին ստեղծագործական երազանքը. «Տոսկան»՝ Օպերային թատրոնի բեմում
ОБЩЕСТВО
Հոկտեմբերի 22-ին և 24-ին՝ ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Ներկայացումը նվիրված է անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Բեմադրության հեղինակ Նաիրե Ստեփանյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ «Տոսկան» բեմադրելը երջանկահիշատակ մաեստրո Գեղամ Գրիգորյանի վերջին ստեղծագործական երազանքներից էր: «Դժբախտաբար, Գեղամ Գրիգորյանի հետ ծանոթացա բավականին ուշ՝ մահվանից մեկ տարի առաջ: Նա այդ տարի Երևանի կոնսերվատորիայի օպերայի պատրաստման ամբիոնի դիպլոմային աշխատանքների նախագահն էր: Տեսնելով իմ աշխատանքները՝ նա ինձ առաջարկեց օպերային թատրոնի համար բեմադրություններ անել: Հիվանդությունը խանգարեց միասին աշխատել: Հետագայում Օպերայի ղեկավարության կողմից հրավեր ստացա և ստանձնեցի «Տոսկայի» բեմադրության աշխատանքները»,- պատմեց Ն. Ստեփանյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ իրեն պատմել են, թե ինչ մտահղացումներ է ունեցել Գեղամ Գրիգորյանը: Բեմադրության մեջ Նաիրե Ստեփանյանը հաշվի է առել Գեղամ Գրիգորյանի պատկերացումները:
Գերմանիայում, Մոսկվայի Մեծ թատրոնում և այլ երկրների խոշոր օպերային թատրոններում փորձառություն անցած բեմադրիչը, անշուշտ, իր ուրույն ձեռագիրը նույնպես փորձել է տալ ներկայացմանը: «Օպերային բեմադրությունը պահանջում է մեծ գիտելիքներ, պարտիտուրայի իմացություն և ռեժիսուրայի համադրություն: Կարծում եմ՝ գիտելիքները, որոնք ստացել եմ Մոսկվայի Գնեսինների ուսումնարանում, ինձ օգնում են»,- ընդգծեց Նաիրե Ստեփանյանը:
Մեր զրուցակիցը ցանկութուն ունի բեմադրել Candide օպերան և Oliver Twist մյուզիքլը: «Հայաստանի հանդիսատեսի համար սրանք նորություն են: Մյուզիքլի համար երգող և պարող դերաաններ են պետք ու ֆինանսավորում: Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա»,- նշեց Նաիրե Ստեփանյանը:
Լևոն Փանոսյան




















































