Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմը համամարդկային կոչ է
ЛАЙФՀեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը հրաշալի կերպով իր մասնագիտական առաքելությունն է կատարում՝ մեզ ներկայացնելով հեղինակային «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը: Օրերս տեղի ունեցավ «Արևը ցեխով չես ծածկի» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին արտերկրում բնակվող բազմաթիվ հայեր, որոնց շառավիղներն Արևմտյան Հայաստանում բնակվող հայերն են, ոմանք դեռևս ծպտված, մի մասն էլ՝ արդեն բացահայտ ու քրիստոնյա դարձած:

Ֆիլմն անթաքույց ցույց է տալիս այն մտավորական թուրքերին, ովքեր ընդունել են 1916թ. տեղի ունեցած ոճրագործությունը, նրանք պատրաստ են ի լուր աշխարհի ազդարարել, որ մեղքի զգացումը խեղդում է իրենց ու նվազագույն ներողությունը դեռևս փրկություն չէ:
Փաստավավերագրական ֆիլմն ապացույց է, որ Մասիսի հակառակ կողմում ավելի շատ հայ է ապրում, քան Արևելյան Հայաստանում: Մոտ 4.5 մլն հայ, ազգային ինքնությունն ու գենը չկորցրած, թերևս անվանափոխ դարձած անձինք, օրինակ դարբին, որը պատրաստ էր Թուրքիայում մեջ գոռալ, աղաղակել իր հայ լինելու մասին: Սրտի կսկիծ ես ապրում այն պահին, երբ ֆիլմի հերոսներից մեկը խոստովանում է , որ այլևս չի ուզում որբ լինել և վախեցած ներկայանալ իբրև քուրդ կամ այլ ազգ:
Ֆիլմն սկսվում է հուզիչ կադրով, երբ հայտնի թուրք գրող Քեմալ Յալչնը ծնկաչոք ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Ճշմարտությունն ընդունող աշխարհասփյուռ թուրքերը, որոնք այդ պատճառով քաղաքական ապաստան են գտել այլ երկրներում, խոստովանում են, որ իրենց պատմությունը կառուցված է ստի ու կեղծիքի հիման վրա:
«Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը նկարահանվում է դեռևս 2010 թվականից, այն կլինի շարունակական: 6-րդ մասը նկարահանված է կանադաբնակ և ռուսաստանաբնակ հայ բարերարների օգնությամբ և թարգմանված է տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն:
Ի դեպ, հավելենք, որ «Արևը ցեխով չես ծածկի» խորագիրը վերցված է թուրքական ասույթից , որը նշանակում է իրականությունից չես փախչի: Նաիրի Հոխիկյանի այս աշխատանքը համամարդկային կոչ է, որպեսզի այլևս չլինեն ցեղասպանություններ, և նույնիսկ մեկ դար հետո այսքան հակասություններ ունեցող երկու պետությունները սկսեն քաղաքական գործընթաց՝ առանց ատելության սահմանագծի:
Լուսինե Արշակյան



