Վաղը Վարսերում կհուղարկավորեն 18-ամյա Հռիփսիմեին. եղբայրը տեղյակ չէ, որ նա մահացել է
ОБЩЕСТВОArmtimes.com-ը գրում է.
Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 3 անձը, այդ թվում՝ վթարված ուսանողականի վարորդը, շարունակում են բուժում ստանալ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: 3 վիրավորն էլ նյարդավիրաբուժության կլինիկայում են:
Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ուսանողականի վարորդ Գագիկ Ստեփանյանը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Ստեփանյանը, հիշեցնենք, ունի ողնաշար-ողնուղեղային վնասվածք, սակայն ողնուղեղի ֆունկցիայի խախտում չկա:
Հիվանդասենյակներում բուժումը շարունակում են նաեւ վթարի հետեւանքով զոհված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ նույն գյուղի բնակչուհի Շահանե Սմբատյանը: Ֆանարջյանն ասաց, որ Շահանեն առաջիկա օրերին դուրս կգրվի:
Բավարար է նաեւ Հրանտ Գասպարյանի վիճակը, սակայն դուրս գրման մասին դեռ վաղ է խոսելը: Հարցին՝ Հրանտը գիտակցության հետ կապված խնդիրներ չի՞ ունենա, պրոֆեսորը պատասխանեց. «Ունի խնդիրներ, վիճակն ընդհանուր գնահատվում է բավարար»:
Հիշեցնենք, որ Հրանտ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք:
Վաղը Վարսեր գյուղում տեղի կունենա 18-ամյա Հռիփսիմեի հուղարկավորությունը: Ամբողջ գյուղը շոկի մեջ է կատարվածից: Մեր տեղեկություններով Հրանտը տեղյակ չէ քրոջ մահվան մասին եւ մեծ է հավանականությունը, որ չի մասնակցի հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ժամը 08:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երեւան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել էր, եւս 7 ուսանող եւ 2 մեքենայի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ վիրավորներից 6-ը, որոնք տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, դուրս էին գրվել:
Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար: Ուսանողականը գործում էր ընդամենը 2 օր: Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 23-ին Վարսերում ընտրություններ են տեղի ունենալու: Վարսերցիները պետք է ընտրություն կատարեն համայնքի ղեկավարի թեկնածուներից Հուսիկ Սեդրակյանի եւ գործող համայնքապետ Զավեն Հարությունյանի միջեւ:



