Միգրացիոն ճգնաժամը զարգացած երկրների մեղքն է. Հունգարիայի նախագահ
INTERNATIONAL NEWSԶարգացած բոլոր երկրները՝ այդ թվում Կանադան, ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է պատասխանատվություն կրեն ներկա ու ապագա միգրացիոն ճգնաժամերի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը՝ Լեհաստանի, Սլովակիայի, Չեխիայի նախագահների հետ համատեղ ասուլիսում:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Հունգարիայի նախագահն ընդգծել է.
«Մենք պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք միգրանտների նոր ալիքները: Մենք պետք է կանխենք այդ պրոցեսը, ինչը հանգեցնում է նրան, որ միլիոնավոր նոր մարդիկ լքում են իրենց հայրենիքը, քանի որ իրենց երկրներում կյանքի պայմաններ չկան»:
Նա նշել է, որ այս թեման մշտական է լինելու, քանի որ առաջիկայում էլ խնդրին լուծում չի գտնվելու:
«Խնդիրը չի լուծվելու՝ մի կողմից զինված հակամարտությունների, մյուս կողմից կլիմայի փոփոխության պատճառով: Միլիոնավոր նոր մարդիկ, հայտնվելով ծանր իրավիճակում, ստիպված են լինելու լքել իրենց տները»,-ասել է նա:
Հունգարիայի նախագահը նշել է, որ իրավաիճակի համար պատասխանատու են Եվրոպական Միությունը, Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Չինաստանը, ինչպես նաև Մեծ քսանյակի երկրները:
«Դա մեր բոլորիս պատասխանատվությունն է: Մենք պետք է օգնենք հակամարտությունների լուծմանը, մշակենք օգնության ցուցաբերման մեթոդներ: Մենք պետք է գնանք կառուցողական որոշումների ճանապարհով»,-ասել է նա:



