Life.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք`2000-ականներին մեծ սեր ու ճանաչում վայելող «4 տարբերակ» խումբը պատրաստվում է վերադառնալ ասպարեզ: Life.panorama.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկներն արդեն ձայնագրել են երգն ու շուտով տեսահոլովակ կնկարահանեն:
«Մենք արդեն ավարտել ենք երգի ձայնագրությունը, ի դեպ` շատ հետաքրքիր, ակտիվ ու հիթային երգ է, որի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը: Հուսամ` մեր երկրպագուների սպասելիքները կարդարացնենք»- մեզ հետ զրույցում նշեց խմբի երգչուհիներից Քնարիկ Զաքարյանը:
Ի դեպ` Քնարիկը մեզ մի գաղտնիք վստահեց.
«Շատերը կհիշեն, որ «4 տարբերակ»-ը իր գործունեության վերջում երեքով էր հանդես գալիս` ես, Նարինե Մկրտումյանն ու Գոհար Ջավուկցյանը, քանի որ Գոհար Հովհաննիսյանը որոշեց, որ պետք է կենտրոնանա ժողովրդական երգի վրա, սակայն պետք է մի գաղտնիք բացեմ ու ասեմ, որ «4 տարբերակ»-ը վերադառնում է լիարժեք կազմով, մենք կրկին չորսով կլինենք, իսկ չորրորդ երգչուհին կլինի Գոհար Հովհաննիսյանը, թե մեկ այլ երգչուհի, թող անակնկալ մնա»:
Հետաքրքրվելով, թե նոր տեսահոլովակը խմբի վերադարձը կակնարկի, թե պարզապես մեկ աշխատանքով կհիշացնեն «4 տարբերակ»-ի մասին, երգչուհին նշեց.
«Այս ընթացքում մեզ շատ են գրել ու հարցրել, թե ինչու չենք վերադառնում, նաեւ հայտնել կարոտը` մեր խմբի նկատմամաբ, ուստի նոր աշխատանքը հուսամ կլինի վերադարձի մեկնարկ, որից հետո կգործենք նոր թափով ու առավել ակտիվ»:
Նշենք, որ Քնարիկ Զաքարյանը դժվարացավ հայտնել տեսահոլովակի թողարկման ժամկետները, սակայն նշեց, որ այն շատ չի ուշանա:



