Ֆրանսիայի Սենատի որոշումը երկարատև աշխատանքի արդյունք է. Վալերի Բուայե
POLITICSՖրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը տաս տարի աշխատանքի արդյունք է:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Նա շեշտել է, որ 1998թ-ի մայիսի 29-ից ի վեր, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է «1915թ-ի Հայոց ցեղասպանությանը հրապարակայնորեն ճանաչելու» մասին սկզբունքը, աշխատանք է տարվել «մարդկային արժանապատվության այդ հարցի առնչությամբ»:
Բուայեն ներկայացրել է նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ժխտման քրեականացմանն ուղղված քայլերի պատմությունը:
«Մեր երկարատև աշխատանքն իզուր չի անցել: Ուրախ և հպարտ եմ տեսնել, որ բազմաթիվ խորհրդարանականների, միավորումների ու հայտնի իրավաբանների հետ ժխտողականության դեմ մեր պայքարը հստակեցվել է իմ գործընկերների, մասնավորապես, սենատորներ Ժան-Կլոդ Գոդենի և Բրունո Գիյեի շնորհիվ»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը:
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:



