Ֆրանսիայի արտգործնախարարը ափսոսում է Պուտինի այցի չեղարկման համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ ափսոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ֆրանսիա չմեկնելու որոշման համար: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Մենք պատրաստ էինք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրավիճակը Սիրիայում, դա էր հենց մեր առաջարկը: Ես ափսոսում եմ, քանի որ մենք ցանկանում էինք Սիրիայի հարցը քննարկել Մոսկվայի հետ: Սիրիայի ճգնաժամը քննարկելու համար ես այցելել էի Մոսկվա, որտեղ հանդիպեցի իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Մեր հիմնական դիրքորոշումն այն էր, որ Ռուսաստանը դադարեցնի աջակցել Բաշար Ասադի ռեժիմին, եւ որ նրանք միասին դադարեցնեն հրթիռակոծությունը»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը նախապատրաստվում Է Վլադիմիր Պուտինի` Փարիզ այցին, որի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ էին պլանավորված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, սակայն հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի` հոկտեմբերի 19-ին նախատեսված այցը չի կայանա:



