100 տարի էլ ապրեմ, պետք է նվագեմ իմ ժողովրդի համար. Ջիվան Գասպարյան
INTERVIEW
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Անվանի երաժիշտը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ ծննդյան օրը նշում է սովորական, ընտանիքի հետ: Անդրադառնալով անակնկալներին՝ Ջիվան Գասպարյանը նշեց. «Անակնկալներ շատ են եղել, դրանք այսօրվա հետ կապ չունեն: Ես շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, որ հիշել և շնորհավորել է ինձ»:
Շարունակելով կառավարության թեման՝ փորձեցինք ճշտել, թե ինչ կարծիք ունի նոր կառավարության մասին մաեստրոն: «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես երաժշտությամբ եմ զբաղվում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Երաժիշտը խոսեց նաև իր համերգային գործունեության մասին: «Ես այսօր դարձա 88 տարեկան, իսկ երեք օր առաջ Մոսկվայում համերգ տվեցի: Հրավիրել էին ռուսները, ոչ թե մեր հայրենակիցները: Դահլիճի մեծ մասը ռուս էր»,- պատմեց պարոն Գասպարյանը՝ հավելելով, որ առաջիկայում նույնպես ունի շատ համերգներ: «100 տարի էլ ապրեմ, պետք է նվագեմ իմ ժողովրդի համար: Էսօր նեղ օր է, վաղը լեն օր կլինի, էսօր սպաս կուտենք, վաղը՝ քյուֆթա: Մարդը մի օր լավ կապրի, մյուս օրն այնքան էլ չէ, բայց երկիրը մնում է երկիր, հոգուդ մատաղ»,- իր խոսքը եզրափակեց սիրված արվեստագետը:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Մայրը վաղ տարիքում մահացել է, իսկ հայրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր, որի պատճառով Ջիվանը մեծացել է որբանոցում: 1949-1981թթ. եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի (այժմ՝Թ. Ալթունյանի անվան) մենակատար: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1957թ. արժանացել է Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի, 1958թ.՝ Էստրադային արտիստների համամիութենական 3-րդ մրցույթի 1-ին մրցանակներին, 1980թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոսկե մեդալի` միջազգային փառատոնին մասնակցելու համար: 1982-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1990-ից՝ պրոֆեսոր):
1986թ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի մենակատար: 1988-ից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Մոսկվայում անգլիացի երաժիշտներ Բրայն Էնոն և Փիթեր Գաբրիելը, լսելով հայ դուդուկահարի կատարումը, հրավիրել են նրան Լոնդոն:
Մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, որոնց թվում են՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ): Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Երևանի պատվավոր քաղաքացի է:
Past.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Ջիվան Գասպարյանին՝ ցանկանալով ամուր առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Լևոն Փանոսյան




















































