Անուշիկ Ալավերդյանը՝ դստեր ու մեկ տարվա դադարից հետո երգարվեստ վերադառնալու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը օրերս մեկ տարեկան է դարձել: Երջանիկ ծնողների կյանքն արդեն մեկ տարի է, ուրիշ գույներ ունի. Կյանքի նոր ու վառ գույների, Մայայի մեկամյա տարեդարձի, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին Անուշիկ Ալավերդյանը պատմել է Life.panorama.am-ին:
«Դուստրս այլևս մեկ տարեկան է: Չեմ կարող ասել, որ ժամանակն արագ անցավ: Ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի իմ փոքրիկի յուրաքանչյուր նոր քայլը, խոսքը, շարժումը առաջինը ես տեսնեի, այլ ոչ թե պատմելով տեղեկանայի դրանց մասին, այդ իսկ պատճառով դադար վերցրեցի աշխատանքում ու արդեն մեկ տարի է ինչ տանը խնամում եմ Մայային: Իհարկե յուրաքանչյուր օրս անցել է շատ հետաքրքիր, յուրովի ու լի անքուն գիշերներով»,- վերլուծելով անցած մեկ տարին՝ ամփոփեց երջանիկ մայրիկը:
Անուշիկ Ալավերդյանը շեշտեց՝ բծախնդիր է բալիկի խնամքի հարցում.
«Լավ հիշում եմ բոլոր ընկերներիս արձագանքը, երբ առաջին անգամ տեսան, թե ինչպես եմ խնամում Մայային: Անկեղծ ասեմ` նրանք հաճելիորեն զարմացել էին ու նույնիսկ չէին էլ թաքցնում դա. Որպես մամա՝ միանշանակ կասեմ, որ շատ ուշադիր եմ ու հաստատ լինելու եմ իմ աղջկա համար լավ ընկեր»,- հավելեց նա:
Խոսելով փոքրիկի բնավորության մասին եւ համեմատականներ անցկացնելով իր ու Կարենի բնավորությունների հետ՝ Անուշիկը նշեց.
«Մայան որքան մեծանում է, այնքան ակտիվ է դառնում, երբեմն-երբեմն կամակոր, ինչպես յուրաքանչյուր փոքր երեխա: Շատ երաժշտական է (դա վաղուց ենք նկատել), ինչը զարմանալի չէ մեր դեպքում: Չեմ կարող ասել բնավորությամբ Կարենին է մոտ, թե ինձ, քանի որ Կարենը չափազանց ակտիվ է եղել փոքր ժամանակ, իսկ ես՝ ոչ: Երևի թե Մայան ոսկե միջինն է»:
Անդրադառնալով Մայայի մեկամյա տարեդարձին՝ Անուշիկ Ալավերդյանը նշեց, որ ի սկզբանե չեն ցանկացել տարեդարձը մեծ խնջույքի վերածել.
«Մենք չէին ցանկանում աղջկաս առաջին տարեդարձը վերածել քեֆի, քանի որ գիտակցում էինք, որ ամեն դեպքում այդ օրը փոքրիկի տոնն է: Խնջույքը կազմակերպեցինք շատ հաճելի մի վայրում՝ ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների հետ»:
Իսկ վերջում հետաքրքրվելով, թե երգչուհին մեկ տարվա դադարից հետո չի՞ պատրաստվում վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության, Անուշիկը ժպիտով ակնարկեց.
«Մի քանի օրից կհայտարարեմ համերգի օրերը»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



