Մալաթիա-Սեբաստիայում առավոտյան նորից վրաերթ է գրանցվել, ու նորից պատճառը բացակայող դեղին գծերն են. հարգարժան Ոստիկանություն՝ մինչև ե՞րբ
SOCIETYBlognews.am-ը գրում է․
Այսօր առավոտյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցի վրա գտնվող «Yerevan-city »-ի անմիջական հարևանությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:


Վրաերթի ենթարկված կինը փորձում էր փողոցն անցնել հետիոտնի համար նախատեսված հատվածով, որի վրա, սակայն, բացակայում էին դեղին գծերը: Մերսեդեսի վարորդի պնդմամբ՝ ինքը չի տեսել, որ ճանապարհի տվյալ հատվածը նախատեսված է հետիոտնի համար, որովհետև բոլորովին բացակայում են դեղին գծերը, իսկ վերևում փակցրած ճանապարհային նշանն էլ խիտ սաղարթի պատճառով վրիպել է վարորդի տեսադաշտից:



Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում թեթև մարմնական վնասվածքներ ստացած կինը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ BlogNews-ը կրկին դիմում է ոստիկանությանը.ուղիղ մեկ ու կես ամիս առաջ ահազանգել էինք այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր բանուկ հատվածներում գրեթե բացակայում են դեղին գծերը, դե իսկ «Կինո Հայաստանի» տարածքում գտնվող խաչմերուկով, որը սպասարկում է երեք դպրոց, երկու մանկապարտեզ և վարչական շրջանի զբոսայգիները, եկեղեցին ու կինոթատրոնը, արդեն մեկուկես տարի է հետիոտները սփական կյանքը վտանգելով են երթևեկում, որովհետև դեղին գծերից այստեղ անգամ հետք չի մնացել: Այս ճանապարհներով օրական հազարավոր երեխաներ են քայլում, ու քանի որ բացակայում են դեղին գծերը, նրանք փողոցն անցնում են՝ որտեղ որ պատահի: Մեկ անգամ ևս դիմում ենք պատկան մարմիններին. ուշադրության ներքո առեք քաղաքի, և մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի ճանապարհների այս բարձիթողի վիճակը, քանի դեռ տեղի չի ունեցել հերթական անդառնալի հետևանքով վրաերթը:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի



