Հայաստանի գյուղական կենցաղավարությանը նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանվել
SOCIETY«Այրուձի» հեծյալ ակումբի ու «Այրոգի» թատերախմբի անդամներն իրենց վերջին արշավից շուրջ 30 տարի անց նորից միավորվում են ու շրջում Հայաստանի գյուղերում՝ ամեն գյուղում ստեղծելով իսկական տոնախմբություն: Կինոռեժիսորների մի խումբ՝ Գարեգին Զաքոյանի գլխավորությամբ, շրջել է արշավականների հետ և նրանց 10-օրյա արշավի հիման վրա ստեղծել վավերագրական ֆիլմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմը պատմում է, թե դարեր առաջ Հայաստանում ինչպիսին են եղել ձիախաղերը, ստվերների թատրոնը, ժողովրդական երգերն ու պարերը: Այն նկարահանվել է 2015 թվականին Արագած լեռան շուրջը փռված գյուղերում և ամրագրել է նաև մեր ժամանակներին բնորոշ գյուղական կենցաղավարությունը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին նպաստել է նաև Ժողովրդական արվեստի «Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը: Ֆիլմի տևողությունը 114 րոպե է:



