JP Morgan եւ Morgan. Brexit-ը մեծացրել հավանականությունը, որ եվրոգոտին, հնարավոր է, հաջորդ տասնամյակը չհաղթահարի
INTERNATIONAL NEWSJP Morgan-ի եւ Morgan Stanley-ի գլխավոր տնօրեններ Ջեյմի Դայմոնը եւ Ջեյմս Հորմանը նախազգուշացնում են այն վտանգների մասին, որոնք եվրոգոտու եւ Եվրամիության համար ստեղծում է Brexit-ը: Այս մասին հայտնում է FT-ն՝ վկայակոչելով Դայմոնի եւ Հորմանի ելույթը Վաշինգթոնի Ֆինանսների միջազգային ինստիտուտի (International Institute of Finance) ամենամյա հանդիպման ժամանակ:
«Իմ անձնական կարծիքով՝ Brexit-ը 5 անգամ մեծացրել է հավանականությունը, որ եվրոգոտին չի հաղթահարի հաջորդ տասնամյակը»,- հայտարարել է Դայմոնը: Նրա խոսքով՝ Brexit-ը կարող է Լոնդոնի խոշոր գործարքներ կատարող բանկերի համար «անորոշության տարիներ ստեղծել»: Հունիսի 23-ի հանրաքվեից առաջ Դայմոնը խոսել էր Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիայից բանկի 4 հազար աշխատողների տեղափոխման մասին, մինչդեռ այժմ նա ուշադրություն է դարձնում ավելի հստակ պատկեր ստանալու անհրաժեշտության վրա, փոխանցում է RNS-ը:
Morgan Stanley-ի գլխավոր տնօրենը մտահոգված է ԵՄ ապագայի համար եւ կարծում է, որ Brexit-ի հետեւանքով կարող է միայն Նյու Յորքը շահել: «Brexit-ի դեպքում խոսքը իր՝ միության գոյության մասին է: Այն յուրահատուկ սոցիալական, տնտեսական եւ ռազմական հաջողություն է»,- ընդգծել է Հորմանը:
Նա նշել է, որ Brexit-ն «ավելի ընդգրկուն երկարաժամկետ հետեւանքներ կունենա»: Նրա խոսքով՝ հարցը, թե արդյոք բանկը պետք է եվրոգոտում կենտրոնակայան ունենա, առայժմ լուծված չէ: Բրիտանական հանրաքվեում եվրաթերահավատների հաղթանակի կարեւորագույն հետեւանքներից մեկը Հորմանը Նյու Յորքի, որպես ֆինանսական կենտրոնի, դիրքերի ամրապնդումն է համարում:



