Ընտրություններ Վրաստանում. Էքզիթ փոլի արդյունքները
INTERNATIONAL NEWSՎրաստանում ընտրությունների արդյունքում «Վրացական երազանք. Ժողովրդավար Վրաստան» իշխող կուսակցությունը հավաքել է 53.8 տոկոս ձայն, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»՝ 19.5 տոկոս: Այս մասին են վկայում էքզիթ փոլի արդյունքները, որոնք պատվիրել են «Իմեդի», «Մաեստրո», GDS եւ «Վրաստանի հանրային հեռարձակող» հեռուստաընկերությունները: Էքզիթ փոլն անցկացրել է ամերիկյան TNS ընկերությունը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Հարցումների համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարելու շանս ունեն «Դավիթ Թարխան Մորավի, Իրմա Ինաշվիլի. Հայրենասերների դաշինք, Միավորված ընդդիմություն» բլոկը՝ 5 տոկոս եւ «Իրաքլի Ալասանիա. Ազատ դեմոկրատներ» բլոկը՝ 3.1 տոկոս: Լեյբորիստական կուսակցությունը հավաքել է 3.1 տոկոս, Հանրապետական կուսակցությունը եւ «Պաատա Բուրճուլաձե. Պետություն ժողովրդի համար» դաշինքը՝ 2.7-ական տոկոս: Մնացած կուսակցությունները հավաքել են մինչեւ 1 տոկոս ձայն:
GFK միջազգային ընկերության էքզիթ փոլի վերջնական արդյունքների համաձայն՝ «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 32.74 տոկոս, «Վրացական երազանքը»՝ 39.9 տոկոս, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Այս էքզիթ փոլի համաձայն՝ «Հայրենասերների դաշինքը» հավաքել է 5.76 տոկոս ձայն, Լեյբորիստական կուսակցությունը հավաքել է 4.21 տոկոս, «Իրաքլի Ալասանիա. Ազատ դեմոկրատներ» բլոկը՝ 3.21 տոկոս:
Հարցումն անցկացվել է 10 հազար մարդկանց շրջանում:
Համամասնական ցուցակով խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն 5 տոկոս:



