Ֆլորիդայի նահանգապետը կարգադրել է տարհանել մոտ մեկուկես միլիոն մարդու
INTERNATIONAL NEWS«Մեթյու» փոթորիկը Բահամյան կղզիներ է հասել ու հիմա Ֆլորիդայի ուղղությամբ է շարժվում։ Ֆլորիդայի ու մյուս հարավ- արեւելյան նահանգների բնակիչները ու արտակարգ արձագանքման ծառայությունները շտապ տարհանում են սկսել փոթորկի մոտենալու կապակցությամբ, որը, ինչպես ենթադրվում է , ԱՄՆ մայրցամաքային մասին կհասնի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը լրագրողներին հայտնել է, որ նահանգին մոտենալու պահին «Մեթյուն» ամենայն հավանականությամբ կպահպանի չորրորդ կատեգորիան՝ քամում 205 կմ/ ժ արագությամբ։ «Ժամանակ գրեթե չկա։ Ոչ մի հապաղում եւ պատճառաբանություն չի կարող լինել։ Բոլորը պետք է հեռանան»,- հայտարարել է Սքոթը՝ մոտ մեկուկես միլիոն մարդու տարհանման մասին կարգադրություն տալով։ «Ցավոք մարդկային զոհերն անխուսափելի են»,- հավելել է նա, շեշտելով իրավիճակի լրջությունը։ Սքոթը նախազգուշացրել է, որ փոթորկի մոտենալուն զուգահեռ Ֆլորիդայի մայրուղիներին խցանումներ են ակնկալվում։
Օդերեւութաբանները կարծում են, որ հոկտեմբերի 7-ին փոթորիկը կշարժվի անմիջապես Ֆլորիդայի արեւելյան ափի երկայնքով, իր ուժգնությամբ երրորդից չորրորդ կատեգորիայի հասնելով։



