Եթե այն չգտնեմ, երկու անգամ ավելի թանկարժեքն եմ գնելու. Գողացել են Նարեկ Մակարյանի մոտոցիկլետը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանի՝ մոտոցիկլով ճանապարհորդության մասինLife.panorama.am-ը ընդամենը երեք օր առաջ է պատմել.
Մեր զրույցից երկու օր անց նրա մոտոցիկլը գողացել են, որի բեռնախցիկում եղել է Նարեկին պատկանող ատրճանակը:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կրկին կապ է հաստատել Նարեկ Մակարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ շոկի մեջ է գտնվում, այս պահին ոստիկանությունն ու ինքն անձամբ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շուտ գտնի մոտոցիկլետը:
Ինչպես շատերը կհիշեն՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ երգչին կողոպտում են, ամիսներ առաջ կոտրել էին նրա մեքենան ու կողոպտել:
Հետաքրքրվելով, թե Նարեկը որեւէ կապ տեսնո՞ւմ է առաջին եւ երկրորդ կողոպուտի միջեւ, պատասխանեց.
«Այո, սա արդեն երկրորդ դեպքն է ինձ հետ կապված: Չգիտեմ, արդյոք սա պատահականություն է, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա: Ինչեւէ, մոտոցիկլետը առեւանգել են կենտրոնից, ուր կան բազմաթիվ տեսախցիկներ ու ես էլ կարող էի ամեն վայրկյան դուրս գալ հարակից ակումբից: Եթե մեր քաղաքում նման բաներ են կատարվում, ուրեմն ինչքան վտանգավոր է մեր երկրում ապրելը»:
Ի դեպ՝ մոտոցիկլի բանալիները եղել են Նարեկի մոտ, թե ինչպես են կարողացել այն շարժի գցել ու գողանալ, Նարեկը այսպես է բացատրում.
«Երբ ես գնեցի մոտոցիկլս, երկրորդ բանալին չկար, իհարկե, այս հանգամանքը որոշ կասկածներ է հիմա առաջացնում, սակայն կա նաեւ երկրորդ տարբերակ՝ շատ հնարավոր է, որ ինձ մոտ կանգնած մարդիկ կազմակերպած լինեին այս ամենը եւ նախապես ինձնից գաղտնի կրկնօրինակեին իմ բանալիները: Հետաքրքիրն այն է, որ կողոպուտը կատարվել է կես ժամվա ընթացքում, ու շատ հավանական է, որ իմացող մարդ է այն արել. նա նախապես իմացել է, որ ես տվյալ ակումբում եմ, վստահ է եղել, որ այդ պահին ոչ մեկ չի գա, այլապես ոչ գիտակ մարդը չէր իմանա՝ արդյոք ես կամ ընկերներս այդ պահին դուրս չէինք գա»:
Նարեկ Մակարյանի համար ոչ այնքան հուզիչ ու անհանգստացնող է մոտոցիկլի կողոպուտը, այլ այն, որ դրա բեռնախցիկում եղել է իրեն պատկանող ատրճանակ, որն իր խոսքով իր ավագ ընկերներից է նվեր ստացել: Մեր հարցին, թե ինչու էր երգիչը ատրճանակն իր մոտ պահում եւ արդյոք պատրաստ էր այն կիրառել յուրաքանչյուր պահի, պատասխանեց.
«Ես ատրճանակ ունեմ լիովին օրինական իրավունքներով: Ատրճանակը միշտ ինձ հետ է լինում, լինի դա մեքենայում, մոտոցիկլում, թե հենց վրաս: Իհարկե, եթե այն ինձ մոտ է, ուրեմն ես պատրաստ եմ ինքնապաշտպանվել, եթե դրա կարիքը Աստված մի արասցե լինի: Թեեւ իրականում ես այնքան էլ չեմ սիրում, երբ ատրճանակն ինձ մոտ է լինում, եթե ինձ մնար, անգամ այն Ձեզ կարող էի նվիրել: Ինչեւէ, հիմա ատրճանակի՝ ինձ մոտ չլինելը մեծ խնդիրներ կարող է առաջացնել ինչպես ինձ, այնպես էլ գողերի համար»:
Նարեկ Մակարյանի խոսքով՝ իրեն կատարված դեպքերը չեն վախեցնում.
«Միեւնույն է, չեմ լքելու իմ երկիրը, շարունակելու եմ այստեղ ապրել, ինչ էլ, որ լինի: Ցավում եմ, որ իմ սիրելի մոտոցիկլետը գողացել են, բայց եթե այն չգտնեմ, երկու անգամ ավելի թանկարժեքն եմ գնելու»,- ընդգծեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



