Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակում նախանշված հանդիպման համատեքստում երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական համագործակցության զարգացման արդիական հարցերի շուրջ: Նշվել է առեւտրատնտեսական կապերի հետագա փուլային վերականգնման, էներգետիկ ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման հարցում հետաքրքրությունը: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի առաջին՝ «Աքույու» ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մասին է:
Քննարկվել է նաեւ Սիրիական ճգնաժամը: Շեշտվել է երկրում խաղաղ քաղաքական գործընթաց սկսելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի ակտիվացման, լարվածության թուլացման եւ մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտությունը:



