Շարմազանովն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին
POLITICSՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք Հայաստանում: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ նշել, որ այն գնալով զարգանում է, ինչը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությամբ եւ ընդհանրություններով, նրանց դավանած արժեհամակարգով: Էդուարդ Շարմազանովը նշանակալի տեղ է հատկացրել միջխորհրդարանական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում գործու մ են բարեկամական խմբեր, որոնք ակտիվ համագործակցում են, ակտիվ են նաեւ տարբեր միջազգային հարթակներում գործակցությունը եւ փոխայցերը:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին եւ կարեւորել հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին հույն պատգամավորների այցերը ՀՀ եւ Արցախ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նշել է, որ մեծ սիրով է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում դեսպան լինելու առաջարկը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ նշել, որ ցանկալի է համագործակցել նաեւ այն ոլորտներում, որոնք դեռեւս բաց են մնում: Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարության համար եւ առաջարկել համագործակցության զարգացման մի շարք ուղղություններ: ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնլ աջակցել դրանց իրականացմանը:
Հանդիպմանն անդրադարձել է եղել Հայաստանում հունական համայնքի խնդիրներին, հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



