ԱՄՆ-ն այս տարի ընդունել Է գրեթե 85 հազար փախստականների
SOCIETYՄիացյալ Նահանգները 2016 թվականի ֆինանսական տարում, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, իր տարածքում տեղավորել Է 84 հազար 995 փախստականների՝ 79 պետություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Այդ փախստականների ավելի քան 70 տոկոսը ներկայացնում են հինգ երկիր՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սիրիան, Մյանման, Իրաքը եւ Սոմալին: Ընդ որում, ինչպես նշել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընթացիկ տարում երկրում ընդունված փախստականների ավելի քան 72 տոկոսը կանայք ու երեխաներ են:
Հաշվետու ժամանակաշրջանում առավել շատ փախստականների են ընդունել Կալիֆոռնիայի, Տեխասի, Նյու Յորքի, Միչիգանի եւ Օհայոյի նահանգները: 2017 ֆինանսական տարում ԱՄՆ-ը պլանավորում Է իր տարածքում տեղավորել 110 հազար փախստականների, ինչը 57 տոկոսով կգերազանցի 2015 թվականի ցուցանիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



