Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի խորհրդարանում ընդունված բանաձևը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրաքի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որն ուղղված է Իրաքում թուրքական զորքերի գտնվելու մանդատը երկարաձգելու Անկարայի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Դատապարտում ենք Իրաքի խորհրդարանում հոկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը: Մասնավորապես, մեր բողոքն ենք հայտնում բանաձևում տեղ գտած այն մեղադրանքների դեմ, որոնք ուղղված են Թուրքիայի նախագահի դեմ»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Պաշտոնական Անկարան համոզմունք է հայտնել, որ ընդունված փաստաթուղթը չի արտացոլում Իրաքի բնակչության մեծ մասի կարծիքները: Թուրքական կողմը տեղեկացրել է, որ իրենք խնդրի առնչությամբ իրենց մտահոգությունները ներկայացնելու են Անկարայում Իրաքի դեսպանին:
Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել է բանաձև, որով դեմ է արտահայտվել Մոսուլի Բաշիքա շրջանում թուրքական զինված ուժերի ներկայությանը: Խորհրդարանականները պահանջել են կառավարությունից անհրաժեշտ իրավաբանական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել` այդ թվում և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերանայումը:



