Բայդենը Թրամփին խորապես տգետ անձ է անվանել
INTERNATIONAL NEWSԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին խորապես տգետ անձ է անվանել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN-ը։
«Նա վատ մարդ չէ, բայց չափազանց տգետ է»,- հայտարարել է Բայդենը։
Բացի այդ՝ նա Թրամփին քննադատել է իր ընդդիմախոսների հետ հրապարակայնորեն վիճելու ձեւի համար։ «Կարո՞ղ եք պատկերացնել, որպեսզի նախագահը գիշերվա կեսին արթնանա եւ Twitter-ում թունոտ մեկնաբանություններ գրի»,- ասել է Բայդենը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը գիշերը 3:30-ից մինչեւ առավոտյան 5:30-ը Twitter-ում գրառումներ էր կատարել՝ կտրուկ արտահայտվելով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին սատարած ֆոտոմոդելի մասին, եւ իր 20 մլն կողմնակիցներին կոչ արել համացանցում գտնել եւ դիտել այդ մոդելի մասնակցությամբ բաց տեսարաններով տեսանյութը։
Ավանդույթը չխախտելով՝ Բայդենը Թրամփին քննադատել է նաեւ Ռուսաստանի հանդեպ համակրանքի, իր հարկային հայտարարագիրը հրապարակելուց հրաժարվելու համար։



