Հայաստանում Քուվեյթի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
INTERNATIONAL NEWSՀայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:
Դեսպան ալ Էնեզին նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Քուվեյթը բարեկամ Հայաստանում, և ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ներդրումն ունենալու վճռականությունը: Քուվեյթի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանը քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական, ներդրումների, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:



