Պետք է կարողանալ արժանապատիվ հեռանալ. Աշոտյանը՝ Թոքմաջյանի մասին
SOCIETYԿրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գործունեության մեջ «մի բան այն չէ»:
«Երբ մարդը հրավիրում է ասուլիս, որի մեծ մասը նվիրում է իր անձնական կյանքին, ապացուցում է՝ մի բան այն չէ: Երբ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրիլերի, ուրեմն հաստատ մի բան այն չէ»,- այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Թոքմաջյանի հունիսվեցյան ասուլիսին եւ հրապարակված տեսանյութին:
Տեսանյութը, որով, ըստ ռեկտորի, երեւում են, թե ովքեր են ներխուժել իր ֆեյսբուքյան անձնական էջ, ապա հրապարակել սկանդալային տեքստը, Արմեն Աշոտյանը դիտել է դեռ ամիսներ առաջ. «Ճիշտն ասած, այդ գործն ինձ շատ քիչ է հետաքրքրում, որովհետեւ այդ գործը պետք է հետաքրքրի պատկան մարմիններին: Տեսանյութն էլ ընդամենը հարցեր առաջացրեց: Պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլեւ արժանապատիվ հեռանալ: Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները»:
Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ ինքը Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս թեկնածու Ոստանիկ Մարուխյանին չի սատարում:



