Օմբուդսմենի գրասենյակի և իրավապաշտպանների դիրքորոշումը՝ Սահմանադրության նոր նախագծում դատապարտված անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքի վերաբերյալ
INTERVIEW
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ եզրակացություն է հրապարակել Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ, որում, ի թիվս մի շարք դրական և մտահոգիչ դիտակումների, անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախագծի 47-րդ հոդվածին, որը վերաբերում է ընտրելու և ընտրվելու իրավունքին։
Մասնավորապես՝ ըստ նախագծի՝ վերը նշված հոդվածի ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Օմբուդսմենը եզրակացության մեջ գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները:
«Այսինքն՝ ընտրվելու իրավունքից նման ընդհանուր և ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, և, հետևաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով»,- ասված է օմբուդսմենի եզրակացության մեջ:
Past.am-ը փորձեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մտահոգած այս դրույթի վերաբերյալ ճշտել նաև իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Արթուր Սաքունցի դիրքորոշումները:
Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ պահին գործող ՀՀ Սահմանադրությամբ դատապարտված անձինք առհասարակ զրկված են ընտրության իրավունքից:
«Սահմանադրության նոր նախագիծը միջին և թեթև ծանրության հանցագործությունների համար դատապարտվածներին տալիս է ընտրելու իրավունք, կարելի է ասել, որ Սահմանադրության նոր նախագծում այս առումով առաջընթաց կա»,- ասաց Զեյնալյանը։
Մեր հարցին, թե ըստ նրա, առհասարակ ինչո՞ւ պետք է անձը, անկախ իր կատարած արարքի ծանրությունից, զրկվի ընտրելու իրավունքից, Զեյնալյանը պատասխանեց, որ ընտրության կարևորագույն բաղադրատարրերից մեկն այն է, որ մարդու կամքը պետք է ազատորեն ձևավորվի: «Բացի այդ՝ կա նաև որոշակի բարոյականության խնդիր: Ես կարծում եմ, որ ազատազրկման մեջ գտնվող անձի կարծիքն ազատորեն չի ձևավորվում. սա իմ տեսակետն է, որը, իհարկե չի համընկնում Եվրոպական դատարանի տեսակետի հետ»,- ասաց Զենյալյանը:
Անդրադառնալով խնդրին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ շատ երկրներում դատապարտված անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչվում է, սակայն կան հոդվածներ, որոնցով դատապարտված լինելու դեպքում անձը զրկվում է այդ իրավունքներից:
«Կան, օրինակ՝ երկրներ, որոնցում անձը որոշակի ժամկետով զրկվում է ընտրելու իրավունքից, եթե դատապարտվել է ընտրական իրավունքների խախտման հիմքով»,- ասաց Սաքունցը՝ կարծիք հայտնելով, որ ընտրելու իրավունքի արգելքը պետք է կախված լինի ոչ թե կատարած արարքի ծանրության աստիճանից, այլ բնույթից:
Արաքս Մամուլյան




















































