Life.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասանուհի Լիա Զախարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում, տոնում է իր 24-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին պատմել է ծննդյան անակնկալների մասին, ինչպես նաեւ կիսվել է տարիքային առանձնահատկությունների հետ կապված իր մտորումներով:
«Տոնական օրս սկսել է դեռ կեսգիշերին, երբ մեր տանը խորամանկ կերպով ինձ ուղարկեցին խանութ, իսկ ճանապարհին մի մեքենա կանգնեց, որի միջից բարձր հնչում էր տարեդարձի երգը, նույն պահին մեր այգու «բիսետկայից» ընկերներս սկսեցին տոնական տորթով, փուչիկներով ու հրավառությամբ շնորհավորել ինձ: Դրանից հետո եղավ իմ երկրորդ անակնկալը, երբ ընկերներս հայտնեցին, որ բոլորով գնում ենք մեր մյուս ընկերուհու՝ դերասանուհի Թամարի Գեւորգյանի աշխատավայր՝ «Stand up» ակումբ՝ տոնական գիշերը շարունակելու համար: Հավատացեք՝ նման ծնունդն իմ կյանքում չէի ունեցել, շնորհակալ եմ ընկերներիս՝ նման էմոցիաներ ու երջանկության արցունքներ ինձ տալու համար»,- մեզ հետ զրույցում նշեց օրվա հերոսուհին ու խոսեց ամենաթանկ նվերի մասին.
«Նվերների նյութական արժեքը ամենաանրժեք բանն է, ինձ համար թանկ էր հենց մայրիկիս, ընկերներիս վերաբերմունքը, այն որ դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով իմ մտերիմ ընկերուհիներից է, երեկ բարձր ջերմությամբ եկել էր հատուկ ինձ անակնկալ մատուցելու, ինձ համար շատ մեծ բան էր՝ ամենաթանկ նվերը մարդկային վերաբերմունքն է, որից ժպտում ես»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ՝ Լիա Զախարյանի այսօրվա անակնկալները շարունակվում են.
«Այսօր ինձ հայտնեցին, որ նկարահանման եմ, ինչից կրկնակի ուրախություն ապրեցի, քանի որ գիտեի՝ այստեղ եւս ինձ անակնկալ է սպասվում: Նկարահանման հրապարակում եւս գործընկերներս ջանք չէին խնայել ինձ անակնկալ մատուցելու համար՝ մեծ շոկոլադե տորթ, շոմպայն ու բարձր տրամադրություն»,- նշեց Լիան՝ ավելացնելով, որ երեկոյան մյուս ընկերների հետ քաղաքից դուրս կգնա ու կնշի տարեդարձը:
Ժպտադեմ դերասանուհին ինքն իրեն մաղթում է անձնական երջանկություն.
«Ինքս ինձ ամենակարեւորը անձնական երջանկություն եմ մաղթում, որովհետեւ իմ երջանկությամբ երջանկանում է մայրս, իսկ նրա երջանկությունն ու ինձնով հպարտանալն ինձ համար ամենակարեւորն է»,- ասաց նա:

Իր 24 տարիներից Լիան գոհ է, ոչինչ չէր ջնջի, չէր ավելացնի, ավելին՝ հետ նայելով անգամ զարմանում է.
«Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, ինչ-որ տեղ զարմանում եմ, թե ինչպես եմ հասցրել այդքան բան անել, ինչպես եմ տեղավորել այդ ամենը 24 տարիների մեջ: Ոչնչի համար չեմ զղջում, միայն մի բան կուզեի, որ ավելի շատ մասնագիտոթյուններ ունենայի, բայց դրա համար էլ չեմ անհանգստանում, քանի որ կյանքը դեռ առջեւում է, դեռ շատ բան կարող եմ»- ընդգծեց դերասանուհին ու հավելեց, որ այսօր իր 24-ից միայն մի բան է ուզում.
«Այսօր մի քանի տորթեր եմ ունեցել, բայց պահել եմ միեւնույն նպատակը. Հիմա այդ նպատակիս մասին չեմ բարձրաձայնի, միայն կասեմ, որ այն դրսի հետ է կապված ու եթե կարողացա հասնել դրան, ինքս ինձ կասեմ` «Ապրես Լիա, դու ուժեղ աղջիկ ես, որովհետեւ դու քեզ համար անհնարին նպատակ դնելով՝ արեցիր դա»»:



