Նոյեմբերյանում արջը հարձակվել է 35-ամյա հրշեջի վրա՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ
SOCIETYNews.am-ը գրում է.
Նոյեմբերյանի բնակիչ, 35-ամյա Արման Մամյանը օգոստոսի 31-ին տեղափոխվել է Երեւանի համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց արջի հարձակումից բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստանալուց հետո: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Նավոյանը՝ ավելացնելով, որ տուժածը առաջին վիրաբուժական օգնություն է ստացել Նոյեմբերյանի հիվանդանոցում:
«Հիվանդի պատմելով, իր վրա արջն է հարձակվել, նրա դեմ պայքարել է, շունը սկսել է հաչել, արջը փախչել է»,-ասաց վիրաբույժը:
Ըստ բժշկի՝ Արման Մամյանը ստացել է աջ դաստակի ափային եւ թիկնային շրջանների կտրած-պատռած վերքեր, երկրորդ նախադաստակային ոսկորի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժումով, եւ ձախ սրունքի միջին եւ ստորին երրորդական շրջանների բազմաթիվ կտրած պատրած վերքեր:
«Մեզ մոտ վերքերի երկրորդական վիրաբուժական մշակում է գնացել՝ ընդհանուր անզգայացմամբ, երկրորդ նախադաստակային ոսկորի օստիոսինթեզ՝ երկաթով ֆիքսվել է կոտրված ոսկորը, եւ սրունքի վնասված մկանները կարվել են»,-ասաց Արտյոմ Նավոյանը՝նշելով, որ տուժածի վիճակն այժմ կայուն է:
Հիվանդանոցի մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Արման Մամյանը Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ է:



