Արծվիկ Մինասյանը հերքում է վարչապետի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները
SOCIETYՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է ՀՀ վարչապետ Կարապետյանի և ՀՅԴ-ական նախարարների լարված հարաբերությունների մասին խոսակցությունները: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ որևէ լարվածություն վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև չկա:
«Բնականոն աշխատանքային գործընթաց է, չկա լարվածություն, չկա խնդիր այդ առումով: Ես համոզված եմ, որ թե ՀՅԴ Գերագույն մարմինը, թե ՀՀԿ ղեկավարությունը, քաղաքական ուժերի միջև կնքված համաձայնագիրը կյանքի կոչելու անհրաժեշտ կամք ունեն: Չկա որևէ տարաձայնություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ թվացյալ լարվածությունն ավելի շատ առանձին հատվածների ցանկություն է, քան իրականում կա: «Մենք նորմալ աշխատանքային գործընթացի մեջ ենք: Ես կարծում եմ, որ ավելի լավ է՝ կառավարության նիստերը լինեն բաց, արդյունավետ քննարկման ձևաչափով»,- եզրափակեց Մինասյանը:



