Աֆղանստանի կառավարությունը խաղաղ համաձայնագրի նախագիծ է ստորագրել Իսլամական կուսակցության հետ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի կառավարությունը երկարատեւ բանակցություններից հետո սեպտեմբերի 22-ին Քաբուլում խաղաղ համաձայնագրի նախագիծ է ստորագրել երկրում արգելված Գուլբեդին Հեքմաթիարայի արմատական Իսլամական կուսակցության հետ, որը նախկինում «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» դաշնակիցն էր: Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Աֆղանական իսլամական գործակալությունը:
Կնքված համաձայնագրի համաձայն՝ Իսլամական կուսակցության անդամները պետք է դադարեցնեն ցանկացած ծայրահեղական եւ ռազմական գործունեություն: Դրա դիմաց Աֆղանստանի իշխանությունները խոստացել են նրանց «իրավական անձեռնմխելիություն», քաղաքական լիարժեք իրավունքներ տրամադրել եւ աջակցել ՄԱԿ-ի կազմած արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից միավորման բացառման պրոցեսում:
AP գործակալությունը հստակեցրել է, որ 2001 թվականին «Թալիբան» իսլամական կազմակերպության հետ ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր այդպիսի խաղաղ համաձայնագիրը իր տեսակի մեջ առաջինն է:
Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարայի կողմից ստորագրվելուց հետո: Իշխանության ներկայացուցիչները սպասում են, որ դա տեղի կունենա «առաջիկա օրերին»: Փորձագետների գնահատմամբ՝ այս համաձայնագրի կնքումը հեռանկարում կարող է հող նախապատրաստել թալիբների հետ համանման համաձայնագիր պատրաստելու համար:



