Եթե ինչ-որ մեկը բռնի ճանապարհով եկավ տեղական իշխանության, երկար կյանք ունենալ չի կարող. Խոսրով Հարությունյան
SOCIETY
Նախորդ կիրակի հանրապետության բազմաթիվ համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններն առանձնացան ընդդիմադիրների մասնակցության թվի զգալի աճով:
Որոշ բնակավայրերում իշխող կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ պարտվեցին ընդդիմադիր թեկնածուներին և անկուսակցականներին: Այնուամենայնիվ, կա տեսակետ, որ անկուսակցականներից շատերը ծպտյալ հանրապետականներ են:
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Past.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները սկսել են գիտակցել տեղական խնդիրների կարևորության մասին: «Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիերը շատ մեծ տխրություն են ապրում, երբ որոշ համապետական հարցեր չեն լուծվում կամ ձգձգվում են, բայց, եթե դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում, եթե ձյունը չի մաքրվում, եթե պուրակ չկա, ներքաղաքային տրանսպորտը չի աշխատում, համաձայնեք, որ սրանով մեր կյանքի որակն է պայմանավորվում:Շատ դրական եմ համարում, որ ընդդիմադիրները, որոնք նախկինում խուսափում էին ստանձնել տեղական խնդիրների լուծման դժվար, որոշ դեպքերում՝անհնար պատասխանատվությունը, սկսել են շատ բաներ հասկանալ:
Եթե դու չես կարող լուծել համայնքային հարցերը, ինչպե՞ ս ես դուրս գալու հանրապետական հարցերի տակից: Եթե նույնիսկ 5, 6, 10 համայնքներում հանդես են գալիս ընդդիմադիրները՝ փորձելով մրցակցել իշխող կուսակցության հետ, սա խոսում է այն մասին, որ կուսակցությունները սկսել են կարևորել տեղական խնդիրերն ու մարդկանց ապրելու պայմանները»,- նշեց ՔԴՄԿ նախագահը:
Հարցին՝ որքանո՞վ կստացվի իշխանամետ մարզպետի և ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր Կյանք գյուղի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանի համագործակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խնդիրերն այնպիսին են, որ կուսակցական պատկանելությունը կապ չունի: Եթե գյուղի ճանապարհը պետք է կառուցվի կամ մանկապարտեզում կան խնդիրեր, չպե՞տք է լուծվեն այդ հարցերը: Ավելին ասեմ՝ ընդդիմադիր գյուղապետ ունենալը կարող է հանրապետական մարզպետին դարձնել ավելի պատասխանատու:
Եթե համայնքը չզգա հանրապետական մարզպետի աջակցությունը, վաղն իշխող ուժին այդ համայնքում ձայն չեն տա: Օրինակ՝ Գերմանիան գնում է տեղական ընտրությունների, Մերկելը պարտվում է Բեռլինում, հասկանո՞ւմ եք: Սրանից է սկսվում համապետական ընտրությունների պայքարը: Հանրապետական մարզպետները շահագրգռված չեն ընդդիմադիր համայնքի ղեկավարների աշխատանքներին արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ»: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած վերջին առևանգմանն ու կրակոցներին՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «Մարդիկ պետք է հասկանան, որ բռնի ուժով հարց չես կարող լուծել, եթե ինչ-որ մեկն այդ ճանապահով եկավ տեղական իշխանության, երկար կյանք ունենալ չի կարող: Կարծում եմ՝ բոլորն են սկսում դա հասկանալ»:
Լևոն Փանոսյան




















































