Սակագների նոր մեթոդաբանությունը պետք է լուծի սոցիալական խնդիրներ. Էներգետիկայի նախարար
POLITICSԳազի և էլեկտրաէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը պետք է ապահովի որոշակի սոցիալական խնդիրների լուծում և խթանի գործարարությունը: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը:
«Մեթոդաբանությունը, որն այսօր գործում է, հաստատվեց այն ժամանակ, երբ մենք երկրում` էներգետիկայի համակարգում, ունեինք լրջագույն խնդիրներ, չվճարումները հասնում էին տասնյակ տոկոսների: Նոր մեթոդաբանությունը, որը պետք է ընտրենք, պետք է ապահովի համակարգի անխափան աշխատանքը, անվտանգությունը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ և խթանի գործարարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մանուկյանը:
Նորանշանակ նախարարը դժվարացավ նշել հստակ ժամկետներ, թե երբ կընդունվի նոր մեթոաբանությունը:
Կառավարության նախորդ նիստում Կարեն Կարապետյանն առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ «Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը իզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- նշել էր Կարապետյանը։



