Ուկրաինայի հայ համայնքը Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպում է տարբեր միջոցառումներ
SOCIETYՈւկրաինայի հայ համայնքը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հետ կազմակերպել են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին փոխանցում է Analitika.ua-ն: Միջոցառումները սեպտեմբերի 21-ին մեկնարկել են Զապորեժիեում` տոնական համերգով, որը կազմակերպել է Զապորեժիեի Հայկական մշակույթի միությունը և Ուկրաինայի Հայ երիտասարդների մարզային միությունը: Միջոցառման շրջանակում Տ. Շևչենկոյի անվան Մշակույթի պալատում կկազմակերպվի ցուցահանդես:
Սեպտեմբերի 23-ին Կիևում տեղի կունենա Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպելու է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, որին ավանդաբար մասնակցում են Ուկրաինայի իշխանությունների, հոգևորականության, Ուկրաինայի հայկական միության և տարածաշրջանային հայկական միությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, ստեղծագործող մտավորականության ներկայացուցիչներ:
Նույն օրը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ կկայանա Կիրովոգրադի մարզային ֆիլհարմոնիկ դահլիճում:
Ամբողջ շաբաթվա ընթացքում տոնական միջոցառումներ կանցկացվեն Ուկրաինայի տարբեր շրջաններում:



