Թուրքիայում քաղաքացին հարձակվել է Իսրայելի դեսպանատան վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքացին դանակով հարձակում է իրականացրել Իսրայելի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվականը:
Դեսպանատան անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են հարձակվողին՝ նրա վրա կրակելով: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կհարցաքննվի:
Հայտնի է դարձել, որ գործողություն իրականացրած անձը Քոնիայում ծնված Օսման Նուրի Չալըշքանն է, ով հարձակվելիս բղավել է. «Փոխելու ենք ողջ Մերձավոր Արևելքը»:
Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է կատարել դեպքի առնչությամբ՝ պարզաբանելով, որ դանակով հարձակում իրականացրած անձը որևէ կապ չունի ահաբեկչական խմբավորման հետ:
Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ դեսպանատան աշխատակազմից ոչ ոք չի տուժել:



