Նկարիչ Վան Խաչատուրի նկարազարդած գիրքն արժանացել է «Գրան-պրիի»
SOCIETYՄոսկվայում սեպտեմբերի 7-11-ը տեղի ունեցավ Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Գրանցած հաջողությունների մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տպագիր ա րտադրանքի գլխավոր մասնագետ Լյուդմիլա Հակոբյանը: «Ցուցահանդեսին ներկայացվել է պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների կողմից հրատարակված գրականություն: Մեր տաղավարում ցուցադրված էին հրատարակություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, արձակ և պոեզիա, պատմական, թարգմանական գրականություն, ալբոմներ և մանկապատանեկան գրքեր»,-նշեց Հակոբյանը:
Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» (ռուսերեն), Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հին ժամանակներից մինչև մեր օրերը», «Հայաստանը ըստ Մանդելշտամի. Հայաստանի լուսանկարներ 1878-1920 թթ.» հրատարակությունների գրքերի շնորհանդեսները: Շնորհանդեսների ընթացքում իրականացվել են գրական ընթերցումներ:
Լյուդմիլա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը մասնակցել է «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը և աչքի ընկել, քանի որ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի՝ Վան Խաչատուրի նկարազարդումները «Գրան-պրիի» են արժանացել:
Ցուցահանդեսում ներկայացված 120 գիրք նվիրվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը:



