Սիրիայում հրադադարի խախտման դեպքերի թիվը մեկ օրում աճել է մինչեւ 45
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի ռեժիմի խախտումների թիվը մեկ օրում աճել է մինչեւ 45, դրան նպաստում է ամերիկյան կողմից` չափավոր ընդդիմության եւ ահաբեկիչների տարանջատման պարտավորությունների չկատարումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիհիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մտահոգություն է առաջացնում ընդդիմության կազմավորումների կողմից խախտումների մշտական աճը: Այսպես, եթե առաջին օրը դրանց արձանագրված թիվը 23 էր, երկրորդ օրը` 37, երրորդ օրն արդեն 45 է: Էկրանին դուք տեսնում եք օբյեկտիվ վերահսկողության տվյալները, երեկ այն արձանագրել է չափավոր ընդդիմության կողմից Հալեպի բնակելի թաղամասերի եւ Լաթաքիայում կառավարական զորքի դիրքերի գնդակոծությունները», — ասել է Պոզնիհիրը:
Նա հավելել է, որ գնդակոծությունների թվի ավելացումն ուղղակիորեն կապված է նրա հետ, որ «մինչեւ վերջերս ամերիկյան կողմը չի իրականացրել չափավոր ընդդիմության տարանջատումը «Ջեբհաթ ան-Նուսրայից»:
«Ուզում եմ հիշեցնել, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգնման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների գլխավոր առաջնահերթությունը ԻԼԻՊ, «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների եւ չափավոր ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների տարանջատումն է», — ընդգծել է գեներալը:



