Սաուդյան Արաբիայում Բրիտանիայի դեսպանը իսլամ է ընդունել եւ հաջ է կատարել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Կոլլիզը Սաուդյան Արաբիայում բրիտանական առաջին բարձրաստիճան դիվանագետն է դարձել, որն իսլամ է ընդունել եւ հաջ է իրականացրել, գրում է Daily Mail-ը:
Կոլլիզը հայտնել է, որ ինքը որոշել է իսլամ ընդունել մահմեդականների շրջանում 30 տարի ապրելուց հետո:
Պարբերականի տվյալներով, Սաուդ արքայի համալսարանի (King Saud University) աշխատակցուհի Ֆոզիա Ալբաքրը Twitter-ի իր էջում տեղադրել է բրիտանական դեսպանի լուսանկարը` սիրիական ծագում ունեցող կնոջ` Հուդայի հետ, հաջի ընթացքում:
«Առաջին անգամ Սաուդյան Արաբիայում բրիտանական դեսպանն ուխտագնացություն է կատարում իսլամ ընդունելուց հետո. Սայմոն Կոլլիզն իր կնոջ` Հուդայի հետ Մեքքայում», — լուսանկարի մեկնաբանությունն է մեջբերում պարբերականը: Հաղորդվում է, որ բրիտանացի դիվանագետը երախտագիտությամբ է պատասխանել հրապարակմանը:
Կոլլիզը հայտնել է, որ ինքը նոր հավատն ընդունել է «Հուդայի հետ ամուսնանալուց անմիջապես առաջ», բայց միայն քչերն են իմացել այդ մասին:
Կոլլիզը Մերձավոր Արեւելքի երկրներում Մեծ Բրիտանիայի աշխատակիցն է հանդիսանում մոտ 30 տարվա ընթացքում: Ավելի վաղ նա Մեծ Բրիտանիայի դեսպան է եղել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը եւ Կատարը, առաջատար դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ԱՄԷ-ում, Եմենում եւ Թունիսում:



