Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցել է «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառմանը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական Բելկուր հրապարակում սեպտեմբերի 9-11-ը կայացել է ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցող 48 հյուպատոսություններ, այդ թվում` Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ներկայացրել էին իրենց երկրների մշակույթը, խոհանոցն ու ազգային յուրահատկությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական տաղավարի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, հարուստ մշակույթին ժառանգությանը, ժողովրդական երգարվեստին, ինչպես նաև համտեսելու հայկական կերակրատեսակներ:
Միջոցառման ընթացքում Լիոնի «Նաիրի» պարային համույթի կողմից ներկայացվել են հայկական քոչարին, կատարվել են նաև հայկական ժողովրդական և ֆոլկլյորային երգեր:
Հայկական տաղավարի պատվավոր հյուրն էր Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը: Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ առանձնազրույցի ժամանակ երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման կարևորությունը:



