Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ
SOCIETYՄոսկվայում առաջին անգամ սեպտեմբերի 4-9-ը անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ: Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով՝ բլից-տուր, առարկայական օլիմպիադա և մշակութային ծրագիր: Բլից-տուրի արդյունքներով հայկական թիմը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ առարկայական օլիմպիադայի ընթացքում գրավել 2-րդ տեղը` արժանանալով համապատասխան գավաթի և դիպլոմի: Անհատական արդյունքներով` հայ աշակերտները նվաճել են 4 արծաթե (ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Միքայել Մկրտչյանը և Սերգեյ Ներսիսյանը` մաթեմատիկայ ից, Դավիթ Գևորգյանը` ֆիզիկայից, Խաժակ Գալստյանը` ինֆորմատիկայից) և 2 բրոնզե մեդալներ (Քվանտ վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը` ինֆորմատիկայից և Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հարությունյանը` քիմիայից):
Մշակութային մասում Երևանի թիմը հաջողությամբ մասնակցել է նաև քաղաքային քվեստ-զբոսանքին՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը և արժանանալով պատվոգրերի։ Միաժամանակ աշակերտները ծանոթացել են Ռուսաստանի պատմությանը, այցելել մի շարք տեսարժան վայրեր: Մեգապոլիսների օլիմպիադայի մասնակիցներին մրցանակները հանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` վստահեցնելով, որ օլիմպիադան կլինի շարունակական:



