Անժելիկա Ագուրբաշը կիսվել է իր և Արամեի հետ ունեցած համագործակցության տպավորություններով
LIFETert.am Life-ը գրում է.
Արամեն և Ռուսաստանում հայտնի երգչուհի և մոդել Անժելիկա Ագուրբաշը ներկայացրել են իրենց համատեղ առաջին` «Было и прошло» անվանումով տեսահոլովակը: Ագուրբաշը ծնունդով Բելառուսից է, որտեղ ամենահայտնի երգչուհիներից մեկն է:
Նա նաև ներկայացրել էր Բելառուսը «Եվրատեսիլ»-ում, սակայն չէր անցել եզրափակիչ: Վերջին տարիներին Ագուրբաշի անունը ռուսական առաջատար ալիքներով հաճախ է շոշափվում` աղմկահարույց ամուսնալուծության պատճառով: Նշենք, որ զուգերգի և' խոսքերի, և' երաժշտության հեղինակը ռուսաստանաբնակ հայ երգչուհի Աննա Հովներն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Գոլուբեվը, ով փորձել է փոխանցել Արամեի և Անժելիկայի սիրային ապրումները:
Tert.am Life-ը բացառիկ զրույց է ունեցել Անժելիկա Ագուրբաշի հետ:

-Ինչպիսի՞ն են եղել Ձեր ունեցած տպավորությունները երգչի մասին մինչ համագործակցությունը և համագործակցությունից հետո:
-Արամեի հետ ունեցած համագործակցությունից հետո ավելի շատ սկսեցի սիրել նրան ու նրա արվեստը: Ես շատ եմ հավանում նրա զգացմունքային ձայնը, իսկ երգերն էլ հոգուն հասնող են:
-Ցանկություն կունենա՞ք ևս մեկ համագործակցություն ունենալ հայ երգիչներից որևէ մեկի հետ:
-Ես ծնվել եմ Բելառուսում, բայց հիմա ապրում եմ Մոսկվա քաղաքում: Այնպես է ստացվել, որ շատ հայ ընկերներ ունեմ: Դուք շատ հյուրասեր եք և ունեք հարուստ ներաշխարհ: Ես մեծ հաճույքով կգամ Հայաստան: Ավելին կարող եմ ասել՝ հոկտեմբերի 24-ին Հայաստանում եմ լինելու: Երևանում տեղի է ունենալու միջոցառում, որը ես կանցկացնեմ Դեբրովի հետ: Այդ ժամանակ մենք կկատարենք մեր «Было и прошло» զուգերգը: Այո, իհարկե կցանկանամ էլի համագործակցել հայ երգիչների հետ:

-Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք հայ տղամարդկանց մասին:
-Հայ տղամարդիկ ընդգծված կնամեծար են, նրբակիրթ ու քաղաքավարի են: Չափազանց շռայլ են հաճոյախոսությունների մեջ: Եվ շատ ընտանեկան մարդիկ են, այսինքն՝ սիրում են իրենց ընտանիքը, նվիրված են իրենց կանանց:
-Սիրո՞ւմ եք հայկական երգերը: Հնարավո՞ր է, որ որևէ հայկական երգ տեղ գտնի Ձեր երգացանկում:
-Մեծագույն հաճույքով կկատարեմ հայալեզու որևէ երգ: Շատ եմ սիրում ձեր երգերը, բայց մի խնդիր կա: Ես չգիտեմ հայերեն խոսել, բայց կխնդրեմ Արամեին, որ պարապի ինձ հետ ու հնարավոր է մի հայերեն երգ ունենամ իմ երգացանկում:

-Արամե, իսկ ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Անժելիկայի հետ ունեցած համագործակցության վերաբերյալ:
-Ես ծանոթացա Անժելիկայի երգարվեստին ու շատ սիրեցի նրա կերպարն ու աշխատանքները: Ցանկություն ունեցա աշխատել նրա հետ և ինչպես տեսնում եք ստացվեց: Սկզբում միայն հիանում էի նրա գործերով, իսկ երբ աշխատեցի նրա հետ հասկացա, որ շատ պրոֆեսիոնալ է, իսկ ես սիրում եմ իրենց գործը տիրապետող մարդկանց: Մեր երգն արդեն պտտվում է ռուսական հեռուստաընկերությամբ ու ռադիոյի ալիքներով, որը լավ աշխատանքի արդյունք է:
Զուգերգի պրոդյուսինգը արվել է Euromusic entertainment-ի կողմից: Entertainment-ի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանը նշում է, որ նմանատիպ հետաքրքիր համագործակցություններ հայ և ռուս երգիչների մասնակցությամբ դեռ շատ են լինելու և երգիչների երկրպագուները հաճելիորեն զարմանալու առիթներ ունենալու են:
.jpg?1473756651480)

.jpg?1473756708463)






