Գայանե Ավետիսյանը՝ կատարյալ հանգստի եւ «ԴոՄիՆո»-ի նոր եթերաշրջանի անակնկալների մասին
LIFEԱմառն արդեն մի քանի օր է, ինչ անցյալում է, սակայն «ԴոՄիՆո» սիրված սիթքոմի դերասանուհի Գայանե Ավետիսյանը մինչ օրս վայելում էր իր հանգիստը.
«Ամառը բավականին հագեցած էր: Երբ հունիս ամսին վերջացրեցինք «ԴոՄիՆո» սիթքոմի նկարահանումները, մեկնեցի Աբու Դաբի՝ քրոջս մոտ: Մեկ ամիս տեւած հրաշալի հանգստից հետո միասին վերադարձանք Երեւան, շարունակեցինք մեր անմոռանալին օրերը, վայելեցինք մեր հրաշալի բնությունը: Եւ ահա կրկին Դուբայում եմ՝ այս անգամ մտերիմ ընկերուհուս հետ»,-NEWS.am STYLE-ին պատմեց Գայանեն, որն այսօր արդեն վերադառնալու է Երեւան:


Դերասանուհին իր հանգիստը վայելել է հետեւյալ կերպ.
«Առավոտյան սուրճի բուրմունքը՝ ծովի ափին՝ ընկերուհուս հետ, երեկոյան՝ լավ երաժշտություն, համեղ ընթրիք ու անկեղծ զրույց: Այս ամենն իրոք վերականգնում են ուժերս»:

Գայանեի համար հանգիստը կատարյալ է, երբ կան բնություն, ծով, անկեղծ ու պարզ միջավայր եւ, իհարկե, հարազատ մարդիկ:
Կան մարդիկ, որոնք արձակուրդից հետո դժվարությամբ են վերադառնում աշխատանքի: Սակայն ասվածը Գայանեի մասին չէ.


«Ես միշտ շատ արագ եմ վերադառնում իմ աշխատանքին եւ զբաղված վիճակին: Հիմա առավել եւս հեշտ կլինի, քանի որ հագեցած ամառ ու լավ հանգիստ եմ ունեցել: Երեւան վերադառնալուն պես՝ անմիջապես անցնելու եմ իմ սիրած գործին»:

Ի դեպ, աշխատանքի մասին... Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ փուլում են «ԴոՄիՆո» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքները.

««ԴոՄիՆո 3»-ն առջեւում է՝ լի բազում անակնկալներով, նոր ու հետաքրքիր լուծումներով, հատուկենտ հումորով: Մի խոսքով՝ խոստումնալից է լինելու, սպասեք մեր նոր եթերաշրջանին: Իմ կերպարի հետ կապված եւս անակնկալ է սպասվում, սակայն չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ դա անակնկալ է»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գայանե Ավետիսյանը



