Ահազանգ. Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ` հղիության արհեստական ընդհատումների պատճառով
SOCIETYՍեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այս խնդրին էր նվիրված «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» կազմակերպած սեմինար-քննարկումը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին:
Ինչպես հայտնում է Past.am-ը, միջոցառումն իրականացվել է Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում: Քննարկման մասնակիցները փաստեցին, որ հղիության արհեստական ընդհատումների պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ:
Ըստ մասնագետների՝ եթե այդ տեմպերը շարունակվեն, մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի մոտ 93 հազար աղջիկ: «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պատճառները շատ են. կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են՝ աղջիկ են ունենալու: Կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողները, ապագա զինվորները, սակայն «ապագա զինվոր» ասելով չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի»: Ինեսա Չիլինգարյանի խոսքով՝ բժիշկները պետք է ամեն կերպ փորձեն բացատրել հղիություն ընդհատել ցանկացող կնոջը՝ ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ նրա առողջության վրա այդ քայլը:
Մասնագետը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Չինաստանը, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է 118 տղա 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երևանում՝ 115 տղա-100 աղջիկ: Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է: «Տվյալները մտահոգիչ են, ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով»,- հավելեց նա: «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աբովյանն այս խնդրում կարևորեց կրթական մակարդակը: «Օրենքով արգելված է պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, սակայն կան օրենքը շրջանցելու ձևեր: Իրականում դժվար է հետ պահելը:
Հայաստանում ասում են՝ երեխան Աստծո պարգև է, բայց հիվանդանոցում հենց առաջին պահին, երբ ասում են, որ պտղի սեռն աղջիկ է, ականատես ենք լինում տխուր դեմքով մարդկանց: Ամենակարևոր պայմանը, կարծում եմ, կրթական մակարդակն է, որը բերում է մենթալիտետի փոփոխության»,- նշեց մասնագետը:
Լևոն Փանոսյան
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



