Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի շուրջ համաձայնությունը
POLITICSՀայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի շուրջ համաձայնությունը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։
«Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, եւ, որպես անհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններ կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը եւ դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում եւ դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, եւ օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է:
Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար»,- նշել է նա:



