Ավարտվել է «Դեպի եվրատեսիլ» նախագծի նախընտրական փուլը. մեկնաբանում է Գոհար Գասպարյանը
LIFETert.am Life.am-ը գրում է.
Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին:
Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից արտիստներին հնարավորություն կտա մոտենալու իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին և ապացուցելու, որ հերթն իրենն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի և Եսայի Ալթունյանի հետ որոշելու, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը: Վերջինս Tert.am Life-ի հետ զրույցում տվեց մի քանի հետաքրքրող հարցերի պատասխաններ, որոնք ներկայացնում ենք ստորև.

-Օգոստոսի 25-ին ավարտվեց նախընտրական փուլը: Կամփոփե՞ք առաջին փուլը:
-Այո, արդեն ավարտվել է «Դեպի եվրատեսիլ» նախագծի նախընտրական փուլը և ստեղծագործական թիմն իսկապես մեծ քանակությամբ հայտեր է ուսումնասիրել: Վստահ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր է լինելու, քանի որ ունենք տարբեր ոճերի, հետաքրքիր մասնակիցներ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Իսկ այս հանգամանքը թույլ է տալիս ևս մեկ անգամ փաստել, որ «Եվրատեսիլ»-ի մասին գիտեն և դիտում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ապրող հայերը:
-Քանի՞ փուլով է ընտրվելու հաղթողը և որքա՞ն ժամանակ է տևելու մրցույթը:
-Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» հեռուստատեսային նախագիծը կտևի 3 ամիս, որի ընթացքում ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ կընտրվի լավագույն կատարողը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին:
Մրցույթը բաղկացած կլինի հեռուստատեսային 4 փուլերից, որոնցից յուրաքանչյուրը կներկայացվի 1-3 եթերի ընթացքում: Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերից:
-Արդեն կա՞ն թեկնածու երգեր, որոնք նախատեսված են եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար, թե դա ևս մրցույթի կարգով է ընտրվելու:
-Իրականում «Դեպի եվրատեսիլ»-ը արտիստի մրցույթ է, ոչ թե երգի: Նախագծի ընթացքում կընտրվի այն երգիչը կամ երգչուհին, ով առավելագույնը կհամապատասխանի եվրատեսիլյան ձեւաչափին, ով դուր կգա ոչ միայն նախագծի ժյուրիի անդամներին, այլև հեռուստադիտողներին: Իսկ արդյունքում կգրվի համապատասխան մրցութային երգը՝ արդեն ելնելով մասնակցի ոճային, ձայնային, կերպարային առանձնահատկություններից:
- Ինչո՞վ է տարբերվելու այս տարվա մեր երկրի ելույթը մնացած տարիներից:
-Յուրաքանչյուր տարի արվում է առավելագույնը հիշվող, տպավորիչ ելույթ ունենալու և արժանիորեն ներկայանալու համար: Մոտեցումը կլինի նույնը, սակայն դեռ վաղ է խոսել մասնակցության այս տարվա առանձնահատկություններից:



