Կուտականում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարի հոտի վրա եւ մեծ վնաս պատճառել
SOCIETYԳեղարքունիքի մարզի Կուտական գյուղում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, գայլերի ոհմակը հարձակվել է հանդից գյուղ վերադարձող ոչխարի հոտի վրա՝ իրականացնելով մեծ ծավալի սպանդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կուտականի գյուղապետ Ահարոն Աբրահամյանը, 12 տնտեսություններին պատկանող 277 գլուխ ոչխարը հանդից տուն բերող հովիվ, 1964 թվականին ծնված Սեյրան Նազարյանը նկատել է մոտ 10 գայլի, որոնք դարանել են ճանապարհին եւ հարձակվել հոտի վրա գյուղի մերձակայքում:
«Ոհմակը հոտը երկու մասի է բաժանել եւ տեսել իր սեւ գործը: 277 գլխից հաջողվել է գյուղ բերել 150 ոչխար եւ գառ, որոնցից 18-ը անշնչացած, 17-ը՝ վիրավոր վիճակում: Մնացած 90 գլուխ ոչխարները սեպտեմբերի 6-ի հետկեսօրվա դրությամբ կորած են, մեր որոնումներն առայժմ արդյունք չեն տվել: Դիմել ենք Գեղարքունիքի մարզպետարանի եւ փրկարարների օգնությանը, հաշվում ենք տնտեսություններին հասցված վնասների հնարավոր չափերը», - ներկայացրեց Կուտականի գյուղապետը:



