Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին օրերս կրկին մարդ է ծեծել .«Ժողովուրդ»
SOCIETY«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել։ Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր։ Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, և մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին և նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»–ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



