Էրդողանն ու Օբաման քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ն, 45 րոպե տևած հանդիպմանը երկու երկրի նախագահները քննարկել են Սրիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն առնչվող հարցեր:
Օբաման անդրադարձել է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձին՝ բարձր գնահատելով անմիջապես ժողովրդի մասնակցությամբ ռազմական միջամտության կասեցումը:
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց վերահսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի ամենանշանակավոր քննադատներից մեկը:



