Վալենսան երկրի նախագահից պահանջում է ներողություն խնդրել
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան երկրի գործող նախագահ Անջեյ Դուդային կոչ է արել ներողություն խնդրել՝ իրեն հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրելու համար: Հակառակ դեպքում Վալենսան խոստացել է նախագահի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան: Lenta-ի փոխանցմամբ՝ նա այս մասին նշել է Facebook-ի իր էջում:
«Պարոն նախագահ, Դուդա: Դուք երդվել եք, որ կլինեք օրենքի պահապանը: Ես ձեզ կոչ եմ անում կամ ինձնից ներողություն խնդրել հրապարակային վիրավորանք հասցնելու համար՝ իբր խախտել եմ օրենքը, կամ ձեզ միջազգային դատարանում դատի կտամ»,- նշված է նրա գրառման մեջ:
Վալենսան չի նշել, թե Դուդան ինչ հանգամանքներում է իրեն նվաստացրել: Ըստ որում՝ նախկին նախագահը խոստացել է ներկայացնել անհրաժեշտ բոլոր ապացույցները, որոնք կհաստատեն, որ հատուկ ծառայությունների հետ ոչ մի համագործակցություն չի եղել:
Լեհաստանի նախկին նախագահին նախկինում քանիցս մեղադրել են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Առաջին կասկածները հայտնվել են դեռեւս 1990-ական թվականներին, երբ փաստաթղթեր են հայտնաբերվել «գործակալ Բոլեկի» մասին, որը ելումուտ ուներ ընդդիմության վերին շրջանակներում: 2000 թվականին դատարանը որոշել է, որ ապացույցները բավարար չեն, թե Վալենսան Բոլեկն է, սակայն 2008-ին Ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է նոր հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ նախկին առաջնորդն աշխատել է սոցիալիստական Լեհաստանի հատուկ ծառայությունների համար:



