«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները բժշկական սպասարկման առնչությամբ դժգոհություն չունեն
SOCIETYՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը եւ բժիշկ-մասնագետն այսօր հերթական անգամ այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց:
Ինչպես հաղորդում են վարչությունից, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակը: Նրանց հետ տեղի են ունեցել նաեւ առանձնազրույցներ: Այցի պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ գործուղված բժշկական անձնակազմի կողմից իրականացվում էին վիրակապություններ ու բժշկական միջամտության աշխատանքներ:
«Այցի շրջանակներում, պահման պայմանների հետ կապված, մեր կողմից արձանագրվել են պարզաբանման եւ լուծման ենթակա հարցեր: Դրանց մի մասը տեղում բարձրացվել եւ ստացել է լուծում, իսկ մյուս մասի կապակցությամբ պարզաբանումներ են պահանջվել գրավոր ընթացակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աշխատակիցների վերաբերմունքի կամ բժշկական սպասարկման առնչությամբ դժգոհություն չեն հայտնել:
««Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այսուհետեւ եւս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:



