Դեսպան Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Վիետնամի բարձրաստիճան ղեկավարության հետ
POLITICSՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն օգոստոսի 31-ին հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վիետնամական օրակարգին առնչվող հարցեր և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Դեսպան Վարդանյանը Վիետնամի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` երկրի անկախության տոնի առթիվ:
Ռաիսա Վարդանյանը նաև հանդիպում ունեցավ Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուկի հետ:
Վարչապետ Նգույեն Սուան Ֆուկը վերահաստատեց Վիետնամի կառավարության պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններն առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, կրթական, մշակույթի և այլ ոլորտներում: Այս համատեքստում կարևորվեցին երկկողմ փոխգործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվող քայլերը:



