ՍԱՊԾ-ն արգելել է խոզի մսի ներմուծումը Ուկրաինայից
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, դրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքյին հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերը):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, կառույցի պետի այս հրամանի նպատակն է կանխել Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան: Ուկրաինայում այդ հիվանդության արձանագրման մասին է վկայում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:



