Նազարբաեւը մտադիր չէ Ուզբեկստան այցելել
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ աշխատանքային այցով Չինաստանում գտնվող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի աշխատանքային գրաֆիկում «մոտակա ժամանակները փոփոխություններ չեն ծրագրվում», հայտնում է «Ազաթթիկ» ռադիոկայանը:
Այսօր ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղազախստանի կառավարությունում իր աղբյուրը, հայտնել էր, որ Նազարբաեւը կկրճատի Չինաստանում գտնվելու ժամկետը ու վաղը Ուզբեկստան կժամանի:
Այսօր ուզբեկական լրատվամիջոցները հրապարակել են Ուզբեկստանի կառավարության հայտարարությունը, ըստ որի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի առողջական վիճակը կաթվածից հետո նախօրեին կտրուկ վատացել է ու բժիշկների կողմից գնահատվում է որպես կրիտիկական:
Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով երեք անանուն դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը մահացել է: Այս տեղեկությունը պաշտոնական Թաշքենդը դեռ չի հաստատել:



