Անի Բայաթյանը՝ հանցագործ կին «Փոխնակ մայրը» սերիալում
LIFEBlognews.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերությամբ այսօր կմեկնարկի նոր հեռուստասերիալ` «Փոխնակ մայրը»։ Մարինկա Խաչատրյանի, Անի Բայաթյանի, Տիգրան Ներսիսյանի, Անահիտ Քոչարյանի, Ելենա Բորիսենկոյի, Հովակ Գալոյանի, Եվա Բաղդասարյանի, Լիա Զախարյանի, Հայկ Պետրոսյանի և այլոց մասնակցությամբ սերիալի սյուժեն Ռոման Մուշեղյանինն է, սցենարի համահեղինակը Էդուարդ Զորիկյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Հարությունյանը:

BlogNews-ը զրուցել է սերիալի հերոսուհիներից մեկին մարմնավորող Անի Բայաթյանի հետ։ Դերասանուհին նշեց, որ մարմնավորում է հանցագործ կնոջ, ով բանտում կրում է պատիժը։
«Կերպարիս հոգեբանությունը կբացահայտեմ հընթացս, քանի որ սցենարը դեռևս գրվում է։ Հերոսուհիս հանցագործ կին է, սակայն կարծում եմ՝ դրական կընկալվի հեռուստադիտողների կողմից։ Նա շատ է օգնում իր խցակցին, ով չունի վստահություն և խիզախություն՝ անելու իր համար կարևոր քայլ։ Չակերտները շատ չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկորի, միայն կասեմ, որ իմ հերոսուհին շատ է օգնում նրան»,- պատմեց Անին։

Դերասանուհին նշեց, որ կերպարը մարմնավորելը բավականին բարդ էր։ «Եթե ֆիլմը մի մասից լիներ, կկարողանայի հասկանալ ամբողջական կերպարը, «մարսել» այն, սակայն սերիալի դեպքում մի փոքր ավելի բարդ է։ Շատ դժվար է խաղալ այդ կերպարը, որովհետև այն ինձանից շատ հեռու է, լեքսիկոնն էլ ինձ խորթ է։ Օրինակ՝ «ողորմածիկ» բառի փոխարեն մեխանիկորեն ասել էի՝ «հանգուցյալ»։ Իհարկե, պահպանեցինք սցենարային տարբերակը։ Երևի թե պրոֆեսիոնալիզմը հենց նրանում է կայանում, որ կարողանաս վերարտադրել սցենարով գրվածը»,- նշեց Անին ու հավելեց, որ այդ աշխարհը շատ բարդ է, սակայնամեն բան անում են՝ այն ճիշտ ներկայացնելու համար։
Հեռուստանովելի առաջին սերիան «Շանթի» եթերում կլինի այսօր՝ ժամը 21։00-ն։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



